Գլխավոր » 2011»Օգոստոս»12 » Վիկ Դարչինյան. Հաղթանակն էլ է իմը լինելու, լավ էլ պետք է ծեծեմ
23:30
Վիկ Դարչինյան. Հաղթանակն էլ է իմը լինելու, լավ էլ պետք է ծեծեմ
Հայաստանում պրոֆեսիոնալ բռնցքամարտի մենամարտ կազմակերպելը շատ բարդ է, պահանջում է մեծ ծախսեր` ընդհանուր առմամբ մոտ մեկ միլիոն դոլար, անհրաժեշտ է միջազգային ֆեդերացիայի հավանությունը, հեռուստաընկերությունների համաձայնությունը: Երեւանի Արմենիա-Մարիոթ հյուրանոցում հրավիրած մամուլի ասուլիսում այդ մասին հայտարարեց Պրոֆեսիոնալ բռնցքամարտի թեթեւագույն քաշային կարգի IBO վարկածի աշխարհի չեմպիոն Վիկ Դարչինյանը ( 35 տարեկան, 40 մենամարտ, 37 հաղթանակ): Նա սիրողական կարիերան ավարտելուց հետո առաջին անգամ մենամարտ կանցկացնի հայրենիքում: Այս ընթացքում նա միջազգային պրոֆեսիոնալ ռինգում ունեցել է 40 մենամարտ:
Սեպտեմբերի 3-ին, ժամը 19:00 Երեւանի Մարզահամերգային համալիրում տեղի կունենա «Հայաստանն ընդդեմ աշխարհի» պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկոն, որի կուլմինացիան կլինի հենց Դարչինյանի մենամարտը:
Դարչինյանը 12 ռաունդանոց մենամարտ կանցկացնի հարավաֆրիկացի Էվանս Մբամբայի հետ: Հարավաֆրիկացին 29 տարեկան է, 19 մենամարտերում միայն մեկ պարտություն է կրել: Ձախլիկ բռնցքամարտիկը IBF վարկածի առաջին համարն է:
Նախքան այդ մենամարտը ռինգ դուրս կգան նաեւ Ազատ Հովհաննիսյանը, Գաբրիել Տոլմաջյանը, Հովհաննես Ժամկոչյանը, նաեւ կլինի կանանց մենամարտ Ագնես Բաժանի մասնակցությամբ: Նրանց մրցակիցների անունները կհրապարկվեն վերջնական համաձայնեցումից հետո:
Գաբրիել Տոլմաջյանն ու Ազատ Հովհաննիսյանը, որոնք եղել են սերողական բռնցքամարտի Հայաստանի ուժեղագույն ներկայացուցիչներից արդեն երկու շաբաթ է Ծաղկաձորում Վախթանգ Դարչինյանի, նրա անձնական մարզիչ Վազգեն Բադալյանի, նաեւ Հայաստանի ազգային հավաքականի հետ հավաք են անցկացնում: Ծաղկաձորյան հավաքը կավարտեն օգոստոսի 20-ին եւ մարզումները կշարունակեն Երեւանում` տեղի կլիմային հարմարվելու համար:
Վախթանգ Դարչինյանը հայտարարեց, որ պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկոյի եւ իր մենամարտի մտահղացման փուլում ինքը կապվել է ՀՀ նախագահի աշխատակազմի հետ եւ ստացել է նրանց աջակցությունը: Նաեւ մեծ աջակցություն է ցուցաբերում ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանը:
«Առանց ՀԱՕԿ-ի նախագահի աջակցության հնարավոր չէր լինի կազմակերպել այդ երեկոն: Նաեւ Հայաստանի նախագահի աշխատակազմի հետ եմ կապվել, ստացել եմ նրանց աջակցությունը: Մեծ դժվարություններ կան մենամարտը Երեւանում անցկացնելու համար: Դրսից շատ մարդիկ են գալու, բոլորն էլ գալու են, տեսնեն, թե Հայաստանում ինչպես է անցկացվելու: Պետք է բավարավեն մենամարտի անցկացման պահանջները, բռնցքամարտում շատ են տեղի ունենում դեպքեր, նույնիսկ մահացու դեպքեր եւ ֆեդերացիան պետք է համոզվի, որ ամեն ինչ ապահովված է: Կլինեն միջազգային ֆեդերացիայի, պրոմոութերական ընկերության ներկայացուցիչները; Կլինեն նաեւ շատ հյուրեր, նաեւ անվանի բռնցքամարտիկներ Կոստյա Ցզյուն եւ Նիկոլայ Վալուեւը»:
Դարչինյանը նաեւ հայտարարեց, որ հաղթելու է մրակցին ու նրան լավ ծեծ է տալու:
«Երբ մտնում եմ ռինգ, միայն մրցակցին եմ տեսնում: Մրցակիցը կգա կասի, թե ինչքան ուժեղ է. կասեմ, որ իրեն լուրջ եմ վերաբերվում: Ես հաղթել եմ նրա մրցակցին, որը պարտության էր մատնել հարավաֆրիկացուն, բայց չեմ թերագնահատում: Հաղթանակն էլ է իմը լինելու, լավ էլ պետք է ծեծեմ»:
Դարչինյանն ընտանիքի հետ է Հայաստանում, սակայն տղային մենամարտին չի տանի. «Տղաս դահլիճում չի լինի, չեմ ուզում տեսնի իմ մենամարտը»,- հայտարարեց Դարչինյանը:
Վիկ Դարչինայնի անձնական մարզիչ Վազգեն Բադալյանը նշեց, որ բռնցքամարտիկը ֆիզպատրաստության մարզումները սկսել է դեռ երկու ամիս առաջ: Այստեղ հատուկ ֆիզպատրաստությունն է անցկացվում, ուսումնական մենամարտեր, արագությունն է վերականգնում:
«Շատ բարձր տրամադրություն ունի, երիտասարդական ավյունով: Օգոստոսի 20-ին կիջնենք Երեւան: Մասնակիցները կմնան Անի հյուրանոցում: Մարտական տրամադրվածությամբ են անցնելու մարզումները»,- նշեց Բադալյանը:
Դարչինյանը, ամփոփելով ասուլիսը, հայտարարեց, որ հաղթանակի դեպքում այն կնվիրվի Հայաստանի անկախության 20-ամյակին, Ղարաբաղին, բոլոր հայերին:
Ավելացնենք, որ պրոֆեսիոնալ երեկոյի տոմսերի գինը կսկսվի 3-5 հազար դրամից: Ռինգի հարեւանությամբ կլինեն VIP տեղեր, որոնց տոմսերը շատ ավելի թանկ կլինեն: «Շոու թայմ» հեռուստաընկերության պահանջով «Թաթա պրոդակշնը» ապահովել է բոլոր պայմանները: Մենամարտը մեկ շաբաթ հետո կցուցադրի Շանթ հեռուստաընկերությունը: