Վանաձորի աղբավայրը գտնվում է 1500 բնակիչ ունեցող Արջուտ գյուղի վարչական տարածքում: Առաջին անակնկալը աղբավայրում, հսկա աղբակույտերի մեջ իր օրվա հացը փնտրող Ախթալա համայնքի հաշմանդամ բնակիչ Սուրեն Մարգարյանի հետ հանդիպումն էր:
«Ամիսը 12 հազար դրամ թոշակ եմ ստանում, չի հերիքում, աղբանոց եկել եմ հիմնականում հաց հավաքելու: Ինչ գտնում եմ, հավաքում եմ` շիշ ա, հաց ա, պղինձ ա, ալյումին ա: Միշտ ստեղ եմ լինում: Էս հացը հավերիս համար եմ տանում, բայց որ աղբավայրում լավ հաց ու թխվածք ա պատահում, վեր եմ ունում, տանում եմ, ուտում»,- ասաց Սուրենը:
Արջուտի գյուղապետ Վարդան Մկրտչյանն ասաց, որ աղբավայրում Սուրենի նման ամեն օր հաց է որոնում եւս 5 մուրացկան: Աղբավայրում գրանցվել են նաեւ մուրացկանների մահվան դեպքեր. «Եղել են անճար մարդիկ, ովքեր եկել են աղբավայր` հաց հավաքելու: էդ մարդիկ հենց աղբավայրում էլ մահացել են»,- ասաց գյուղապետը:
Աղբավայրը գտնվում է գյուղից 1 կմ հեռավորության վրա: Այն պարսպով մեկուսացված չէ շրջակա միջավայրից: Այստեղ կարելի է հանդիպել շների, արջուտցիների կովերին ու հավերին: Տարիներ շարունակ չի լուծվել աղբավայրի ջրահեռացման հարցը: Ռեկուլտիվացիոն աշխատանքներ եւս չեն կատարվում, որի պատճառով աղբը քամու օգնությամբ տարածվում է աղբավայրի հարեւանությամբ գտնվող արջուտցիների վարելահողերի վրա:
«Արջուտի մոտ 20 հա վարելահողեր գյուղացիները չեն մշակում աղբավայրից աղտոտվելու պատճառով: Դրանք որպես խոտհարք են օգտագործվում»,- տեղեկացրեց Վարդան Մկրտչյանը:
Անցած 20 տարիների ընթացքում Վանաձորի քաղաքապետարանը որեւէ միջոցառում չի ձեռնարկել շրջակա միջավայրի վրա թափոնների բացասական ազդեցությունը կանխելու համար: Աղբատար մեքենաներն աղբը թափելուց հետո չեն լվացվում, աղբի հետ աշխատող մարդիկ չունեն արտահագուստներ:
Գյուղապետը հայտնեց, որ ամեն օր աղբավայրում բեռնաթափվում է 50-60 ավտոմեքենա աղբ: Վանաձորից աղբը աղբավայր է տեղափոխվում նաեւ բաց ավտոմեքենաներով: Մեքենաներից աղբը թափվում է ինչպես Վանաձոր-Արջուտ, այնպես էլ աղբավայր տանող Արջուտի գյուղամիջյան ճանապարհներին:
«Եղել են դեպքեր, երբ աղբատար մեքենաների առաջ փակել ենք աղբավայր տանող ճանապարհները, վիճակի մասին տեղյակ եմ պահել նաեւ Վանաձորի քաղաքապետին ու Լոռու մարզպետին»,- ասում է գյուղապետը:
Աղբավայրը գյուղի էկոլոգիական վիճակի վրա լուրջ հետեւանք է թողնում: «Քամին աղբավայրի հոտն ու ծուխը ուղղում է դեպի գյուղ: Ես մի քանի անգամ ասել եմ, որ աղբը վառել չի կարելի, էդ վտանգավոր հոտը ոչ մեկին հաճելի չէ: Հատկապես ամռանը աղբավայրի գարշահոտությունից ու ծխից մարդիկ չեն կարողանում շնչել»,- դժգոհեց գյուղապետը:
Վերջինս տեղյակ չէր, որ թափոնների այրման դեպքում աղբավայրից միջավայր արտանետվող ածխաթթու եւ շմոլ գազերը, ազոտի եւ ծծմբի օքսիդները թունավոր եւ քաղցկեղածին նյութեր են, կարող են ազդել երեխաների զարգացման եւ աճի, մեծահասակների նյարդային համակարգի, բրոնխիտով հիվանդների վրա եւ ունեն մարդու կյանքի համար վտանգավոր այլ ազդեցություններ:
Աղբավայրի առկայությունը հնարավորություն չի տալիս Արջուտում ծրագրեր իրականացնել:
«Որոշել էինք Արջուտում հատապտուղ աճեցնել, եկան ջուրը, հողը բավարար համարեցին, բայց աղբավայրի պատճառով մարդիկ հրաժարվեցին ծրագրից»,- ասում է գյուղապետը:
Վանաձորի քաղաքապետի տեղակալ Նորիկ Սարդարյանի կարծիքով` միայն լրագրողները չէ, որ գիտեն Վանաձորի աղբավայրի անհուսալի վիճակի մասին: Նա հայտնեց, որ քաղաքապետարանը մտածում է խնդիրը լուծելու ուղղությամբ եւ պարբերաբար դիմում է տարբեր հիմնադրամների:
Ն. Սարդարյանի հետ մեր զրույցից պարզ դարձավ, որ երկու տարի առաջ վանաձորցի ոմն Տիգրան (Սարդարյանը չհիշեց նրա ազգանունը) իր ծառայությունն է առաջարկել քաղաքապետարանին` քաղաքի աղբը տեսակավորելու համար: «Նա մինչեւ աղբավայր տանելը աղբից վերցնում է այն ամենը, ինչ իրեն պետք է եւ դրա համար քաղաքապետարանին վճարում տարեկան 3 մլն դրամ»,- ասաց Ն. Սարդարյանը:
Վանաձորի քաղաքապետարանն այդ գումարով չի փորձել գոնե պարսպապատել աղբավայրը: «Աղբավայրը պատկանում է «Վանաձոր-Սանմաքրում» ՓԲԸ-ին, որի տնօրենը Էդմոն Էդայանն է: Աղբավայրը նրա սեփական տարածքն է, մենք անընդհատ հսկում ենք, ճիշտն ասած` ձյունը նոր է հալվել, ամեն տարի աղբավայրը մաքրվում է»,- ասաց Վանաձորի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության եւ բարեկարգման բաժնի պետ Լյովա Մելիքյանը:
Նա հերքեց Արջուտի գյուղապետի հայտնած տեղեկությունները աղբավայրում սատկած շներ լցնելու մասին: «Սատկած շներ աղբավայր չեն լցվում, շների համար էքսկավատորով քանդում ենք եւ հուղարկավորում: Ուրեմն ես Ձեզ խոստանում եմ, որ մի քանի օրից ամբողջ աղբավայրը կմաքրվի»,- ասաց Լյովա Մելքիյանը:
Ինչու է հիմա նման խոստում տալիս Վանաձորի կոմունուլ տնտեսության եւ բարեկարգման բաժնի պետը, երբ օրենքով սահմանված կարգով աղբը լցնելուց հետո պետք է կատարել անվտանգության սանիտարահիգենիկ աշխատանքներ: