Վանաձորի ծայրամասային Երրորդ մաս եւ Տարոն 4 բնակելի թաղամասերից մոտ երկու
կիլոմետր հեռու սարերում է գտնվում Վանաձորի քիմիական գործարանի պոչամբարը:
Խորհրդային Միության փլուզումից հետո այն չի շահագործվում: Արտաքինից լիճ
հիշեցնող պոչամբարն իր մեջ թունավոր միացություններ է պարունակում, որոնք երկու
կիլոմետրանոց խողովակով լցվում են Փամբակ գետը:
Բնապահպանական տեսչության Լոռու մարզի տարածքային բաժնի ավագ պետական տեսուչ
Սամվել Կոծինյանի խոսքով, նախկինում գործել է հոսքաջրերի մաքրման փոքր կայան:
«Այն հիմա չի գործում, ու հոսքաջրերն առանց մաքրման թափվում են առվակներ, որոնք
էլ միանում են Փամբակի ջրերին»,- «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց
Կոծինյանը:
Անցկացված հետազոտությունները Փամբակի ջրերում ազոտի միացություններով հարուստ
քիմիական նյութերի նորմայից բարձր քանակներ չեն հայտնաբերել, բայց Բնապահպանական
տեսչության ավագ տեսուչի կարծիքով սա դեռ պոչամբարի անվտանգության մասին չի
խոսում:
Հարակից թաղամասի բնակիչները այս ջրերն օգտագործում են հողագործության համար,
իսկ ընտանի կենդանիները նույնիսկ խմում են դրանք: Բնակիչներն ասում են, թե ջրերը
վտանգավոր չեն, մինչդեռ բնապահպանական տեսչության մասնագետները հակառակն են
պնդում:
Բնապահպանական տեսչության Լոռու մարզի տարածքային բաժինը դեռեւս 2009 թվականից
ահազանգել է, որ քիմգործարանը պետք է ցանկապատի պոչամբարն ու զգուշացնող ու
տեղեկատվական վահանակներ տեղադրի:
«Վանաձոր Քիմպրոմ» ՓԲԸ-ն պոչամբարի վերաբերյալ ստացել է բնապահպանական
տեսչության նամակները, բայց ընկերությունը տեսչության պահանջները կատարելու
գումարներ չունի:
«Հենց աշխատենք, հենց արտադրություն լինի, գումարներ կուղղենք նաեւ ցանկապատման,
տեղեկատվական վահանակների տեղադրման, դրենաժային համակարգի նորոգման ուղղությամբ»,
- «Ազատություն» ռադիոկայանին ասաց ընկերության գլխավոր տնօրենի նոր արտադրության
գծով տեղակալ Ֆեոդո Աբաջեւան` հավելելով, որ պոչամբարն իրականում իրենց վտանգ չի
ներկայացնում քանի որ արդեն 30 տարի չի շահագործվում:
Աբաջեւն ասում է, որ պոչամբարը նաեւ պետք է հսկվի իրենց կողմից, բայց իրենք
պահակ վարձելու միջոցներ եւս չունեն:
Անցած երկու տարիներին քիմգործարանը մոտ մեկ միլիոն դրամի տուգանքի է ենթարկվել
պոչամբարի անվտանգության չափանիշների չպահպանման համար:
Հոդվածը՝ http://www.armtown.com-ի
|