Գլխավոր » 2011»Հունիս»21 » Վանաձորը շուրջօրյա ջրամատակարարմամբ ապահովելու ուղղությամբ աշխատանքները շարունակվում են
23:37
Վանաձորը շուրջօրյա ջրամատակարարմամբ ապահովելու ուղղությամբ աշխատանքները շարունակվում են
ՎԱՆԱՁՈՐ, 20 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:
Հայ-գերմանական համագործակցության շրջանակներում KFW բանկի ֆինանսավորմամբ շարունակվում են ջրամատակարարման ցանցի բարելավմանն ուղղված աշխատանքները, որոնց առաջին փուլն ավարտվեց նախորդ տարվա նոյեմբերին: «Լոռի ջրմուղկոյուղի» ՓԲԸ-ն սպասարկում է մարզկենտրոն Վանաձորը եւ հարակից 16 գյուղերը: Վերականգնվել են 3 գյուղական համայնքների եւ Վանաձորի մոտ 20 տոկոս ենթակառուցվածքները, վերանորոգվել է մարզկենտրոնի կոյուղու համակարգի 4364 մ երկարությամբ հատվածը: Բարելավվել է ջրամատակարարման գրաֆիկը Բազում, Ցալկուտ, Տարոն, 3-րդ մաս եւ Քիմշեն թաղամասերում եւ քաղաքի մի շարք կենտրոնական հատվածներում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց «Լոռի ջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն Էդուարդ Վահանյանը, այս տարվա անցած վերջին երկու ամիսների ընթացքում իրականացվել են մոտ 1,5 մլն եվրո արժողությամբ աշխատանքներ՝ 2-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ եւ 12-րդ ճնշումային գոտիներում: Մոտ օրերին կավարտվի 2-րդ ճնշումային գոտու վերականգնումը, որի արդյունքում Տարոն եւ Տավրոս թաղամասերը կանցնեն շուրջօրյա ջրամատակարարաման: Առաջիկայում աշխատանքները կավարտվեն նաեւ Քիմշեն թաղամասում, Խնձորուտ թաղամասում՝ մաքրման կայանի ջրամբարի ճնշումային գոտում եւ Վանաձոր թաղամասում, որտեղ նոր ջրատար է անցկացվում Մայմեխից: Այս տարվա համար կմնա միայն մեկ ճնշումային գոտու վերականգնում իրականացնել Դիմաց թաղամասում, աշխատանքները կմեկնարկեն առաջիկայում: Իսկ ընդհանուր առմամբ, այս տարվա համար հատկացված է 3,5 մլն եվրո, որից 300 հազարն, ըստ Էդ. Վահանյանի, նախատեսված է չպլանավորված գործերի համար: Շինարարական աշխատանքներն իրականացնում է «Դարոժնիկ» ՍՊԸ-ն, որը նորացրել է իր տեխնիկան եւ համալրել աշխատուժը: Էդ. Վահանյանը նշեց, որ աշխատանքները սկսելուց առաջ փողոցները տեսագրվում եւ լուսանկարվում են՝ վերջում դրանք համապատասխան տեսքի բերելու նպատակով, այնուամենայնիվ, հնարավոր չէ նոր վարկեր վերցնել՝ փողոցներն ու մայթերն ասֆալտապատելու համար: