«Լոռի-Փամբակի» երկրագիտական թանգարանը` անուշադրության «կենտրոնում»
«Լոռի-Փամբակի» երկրագիտական թանգարանը, որ գտնվում է Վանաձորում, արդեն 20 տարի շարունակում է գործել տնակային պայմաններում և համառորեն «էլիտարացվող» մեր օրերում նույնիսկ մի փոքր շինության չի արժանացել: Ձմռան ամիսներին հնագույն ազգիս պատմությամբ տարված այցելուները ստիպված են թանգարանի ներսում սեփական շնչով ջերմանալ:
«Լոռի-Փամբակի» երկրագիտական թանգարանը հիմնադրվել է 1938 թ., հնագետ, ազգագրագետ և լեզվաբան Եղիա Մոմջյանի նախաձեռնությամբ: Առաջին հանգրվանը եղել է Թաիրովի առանձնատունը, ապա` Ղ. Ղուկասյանի անվան մշակույթի տունը, Ս. Աստվածածին եկեղեցին և ռուսական Սբ. Աստվածածնի Ծննդյան եկեղեցու հարևանությամբ գտնվող տնակը: 2002-ից մինչ օրս տեղավորված է 5-րդ դպրոցի հարևանությամբ գտնվող նախկին համաբուժարանի տնակային շինությունում: Փաստորեն, ավելի քան 70 տարվա պատմություն և 34 հազար ցուցանմուշ ունեցող թանգարանն իր հիմնադրման օրից թափառականի բախտի է արժանացել:
Այստեղ բազմաթիվ չլուծված խնդիրներ կան: Թանգարանի տնօրեն Նաիրա Առաքելյանն ասում է, որ տնակի բարձրությունը` 2 մ 30 սմ, չի համապատասխանում անհրաժեշտ չափանիշներին: Երեք բաժիններում` հնագիտության, ազգագրության և նոր-նորագույն պատմության, ամփոփված են գտածոներ` սակրեր, նիզակներ, աշխատանքային գործիքներ, դաշույններ, խեցեղեն անոթներ` թվագրված Ք.ա. 4-րդ հազարամյակից մինչև վաղ միջնադար: Յուրաքանչյուր ցուցանմուշ պահպանության յուրահատուկ պայմաններ է պահանջում, որոնք այս շենքում հնարավոր չէ ապահովել: Հեռանկարում, կարծես, խնդիրների լուծումը չի երևում: Թանգարանը լաբորատորիա, վարպետ-վերականգնողներ ու նկարիչ-դիզայներներ չունի: Ն. Առաքելյանի խոսքով` շատ անգամ են դիմել Լոռու նախկին մարզպետ Հենրիկ Քոչինյանին և նրանից օգնություն ստացել ջեռուցում ապահովելու համար: Մի քանի անգամ կառավարությանն են ներկայացրել իրենց հոգսերը, սակայն «պաշտոնական տեղեկատվություն չունեն»:
Լոռու մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության առաջատար մասնագետ Մհեր Մելիքյանը տեղեկացրեց, որ «մարզպետ Արամ Քոչարյանը մտահոգ է թանգարանի շենքային պայմաններն ապահովելու համար»: Այս հարցով բազմիցս դիմել են կառավարությանը և 2011 թ. պետական բյուջեի նախագծում հայտ են ներկայացրել: Մի քանի տարի առաջ մտադիր էին քաղաքում գտնվող 2-3 շինություններից ընտրություն կատարել, որոնցից մեկն էլ գյուղտեխնիկումի շենքն էր: Հետո որոշվեց թանգարանի համար նոր շենք կառուցել, որի համար, սակայն, դեռ գումար չկա: Թանգարանի տնօրինությունը բազմիցս դիմել է զեղունների և ուտիճների վնասազերծման խնդրանքով, և մարզպետարանը համապատասխան միջոցներ է ձեռնարկել այդ խնդրի լուծման համար:
Այդուհանդերձ, թանգարանի դռները միշտ բաց են արվեստը գնահատող անհատների համար. այստեղ տարվա մեջ 7-8 ցուցադրություն է կազմակերպվում: Համագործակցություն կա մարզի և Երևանի, օտարերկրյա մի շարք թանգարանների հետ, այդ թվում` Կոկանդի երկրագիտական և Սամցխե-Ջավախեթիի պատմության թանգարանների:
Ի դեպ, Կոկանդի երկրագիտական թանգարանն Ուզբեկստանում հնագույններից է, հիմնադրվել է 1925 թ. Խուդոյար Խանի նախկին պալատում, որը կառուցվել է XIX դարում: Այնտեղ նույնպես բացառիկ ցուցանմուշներ կան: Վանաձորի և Կոկանդի այս թանգարանների համագործակցությունը շատ ցայտուն է ընդգծում հակադրությունը: Երկուսն էլ մարդկության ծագմանն ու զարգացմանն առնչվող հարստություններ ունեն, բայց եթե Ուզբեկստանում իրենց հարստությունը փայփայում են ամենալավ պայմաններում, մեզ մոտ զլանում են անգամ շենքային հարցերը լուծել: Այնտեղ շենքն ասիական ճարտարապետության լավագույն նմուշներից է, ավելին` Ուզբեկստանում թանգարանը չորս մասնաճյուղ ունի, որոնք տարեկան ունենում են ավելի քան 70 հազար այցելու, այդ թվում` օտարերկրյա զբոսաշրջիկներ: Մեր թանգարանը, իր արժեքով ոչնչով չզիջելով, աննկատ է մնում նույնիսկ թիվ 5 դպրոցի համեստ շենքի ներկայությամբ: Եթե ուզբեկները շարունակում են ուսումնասիրել խանության պատմությունը, պեղումներ և ուսումնասիրություններ են կատարում, ապա մեզ մոտ մոռացության են մատնել Թագավորանիստ բլուրը և նման շատ այլ հնավայրեր:
Վանաձորն օր օրի «ծաղկում» է մթերային ու հագուստի խանութներով, գեղեցկության սրահներով ու բանկերով: Մեծ գումարներ են ծախսվում դրանք եվրոպական չափանիշներին համապատասխան կառուցելու համար: Սա, իհարկե ինչ-որ չափով հասկանալի է, «պատվախնդրության» հարց է` հետ չմնալ մոդայից: Բայց երբ խոսքը վերաբերում է պատմամշակութային շինություններին, բոլոր գումարները կարծես հօդս են ցնդում:
Ու հիմա կարելի է ասել` մենք այլևս կամ ընդամենը ուզբեկներից ու տաջիկներից լավ խոպանչի ենք, բայց ոչ մշակութային ազգ: Թեկուզև` հնամյա…
Քրիստինա ՏԵՐ-ՄԱԹևՈՍՅԱՆ
Հոդվածը՝ http://ankakh.com-ի