Փետրվար 26, 2011 | 15:28
Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը երեկ`
փետրվարի 25-ին կաշառակերության մեջ մեղադրվող երկու բժշկուհիներին
մեկամսյա կալանքի սանկցիա է տվել: Դատարանը մերժել է գրավի դիմաց նրանց բաց
թողնելու միջնորդությունը եւ մասնակի է բավարարել քննչական մարմնի 2-ամսյա
կալանավորման միջնորդությունը` մեկամսյա կալանքի որոշում կայացնելով:
Դատարանի այս որոշման պատճառը եղել է բժշկուհիների տարիքը: Նրանցից`
Գայանե Գասպարյանը 43 տարեկան է, իսկ Ֆելոմինա Մոսոյանը` 60: Երկու
բժշկուհիները տեղափոխվել են Աբովյանի մեկուսարան, որտեղ եւ կմնան մինչեւ
դատավարությունը: Նրանց մեղադրանք է առաջադրվել ՔՕ 311 հոդվածի
հատկանիշներով, որը նախատեսում է 4-10 տարի ազատազրկում:
Հիշեցնենք, որ փետրվարի 22-ին ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր, Լոռու
մարզային վարչությունների եւ Սպիտակի բաժնի ծառայողների ձեռնարկած
օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզվել է, որ «Սպիտակի բժշկական
կենտրոն» ՓԲԸ Սպիտակի պոլիկլինիկայի հոգեբուժ-նյարդաբան, 40-ամյա Ֆիլոմինա
Մոսոյանը Ջրաշեն գյուղի մի բնակչուհուց, հիվանդության պատճառով
թոշակավորվելու եւ համապատասխան փաստաթղթեր ձեւակերպելու համար, պահանջել է
30.000 դրամ կաշառք:
Փետրվարի 22-ին, ժամը 13.00-ին, Ֆիլոմինա Մոսոյանը իր աշխատասենյակում
հիշյալ կնոջից 35.000 դրամ կաշառք վերցնելուց հետո փաստով բռնվել է:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումներով պարզվել է նաեւ, որ
Վանաձորի թիվ 2 հիվանդանոցի ավագ նյարդաբան, 43-ամյա Գայանե Գասպարյանը
փետրվարի 11-ին, ժամը 11.00-ին, առանց ստացիոնար հետազոտման, բժշկական
եզրակացության կազմելու եւ այն տրամադրելու համար Ջրաշեն գյուղի նույն
բնակչուհուց ստացել է 20.000 դրամ կաշառք:
Բժշկուհիներն ու իրենց փաստաբանները հայտարարում են, թե կաշառք չեն
վերցրել եւ հարուցված քրեական գործը չի առնչվում բժիշկներին, քանի որ նրանք
պաշտոնատար անձ չեն համարվում:
Քննությունը շարունակվում է:
Հոդվածը news.am-ի