Գլխավոր » 2011 » Հունիս » 15 » Հունիսի 15-ին տեղի ունենալիք Լուսնի խավարումը հնարավոր կլինի դիտել նաեւ Հայաստանում
15:19
Հունիսի 15-ին տեղի ունենալիք Լուսնի խավարումը հնարավոր կլինի դիտել նաեւ Հայաստանում
Լուսնի՝ հունիսի 15-ին տեղի ունենալիք խավարմանը հնարավոր կլինի հետեւել ինչպես Երկիր մոլորակի շատ կետերից, այնպես էլ Հայաստանից։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտարարեց Վ. Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի գիտաշխատող Արթուր Կարապետյանը։
«Ընդ որում, Հայաստանում տեսանելի են լինելու Լուսնի խավարման ե՛ւ մասնակի, ե՛ւ ամբողջական փուլերը։ Խավարման մասնակի փուլը Երեւանի ժամանակով կսկսվի 23։20-ին, լրիվ խավարումը՝ 00։20-ին եւ կտեւի 1 ժամ 40 րոպե։ Լուսնի խավարումն ընդհանուր առմամբ կտեւի 3 ժամ 40 րոպե»,- ասաց նա։
Կարապետյանի հավաստմամբ, Լուսնի խավարումը չեն կարող դիտել Հյուսիսային եւ Հարավային Ամերիկաներում, Արեւմտյան Եվրոպայում։
Նշենք, որ այսօր տեղի ունենալիք եւ այս տարվա մեջ Լուսնի առաջին խավարումը նոր դարում ամենաերկարն է լինելու։ Խավարման ժամանակ Երկրի շողքն ամբողջությամբ կփակի Լուսնի սկավառակը, ինչի ժամանակ գիշերային երկինքը կարմրավուն երանգ ձեռք կբերի։ Այս երեւույթն աստղագետները նաեւ Կարմիր լուսնի գիշեր են կոչում։