Գլխավոր » 2011»Մայիս»4 » «Համակարգչի ազատագրում՝ GNU / Linux Install Fest»` միաժամանակ Հայաստանի 3 քաղաքներում
23:32
«Համակարգչի ազատագրում՝ GNU / Linux Install Fest»` միաժամանակ Հայաստանի 3 քաղաքներում
Մայիսի 7-ին Հայաստանի 3 քաղաքներում՝ Երևանում, Գյումրիում ու Վանաձորում, կանցկացվի «Համակարգչի ազատագրում՝ GNU / Linux Install Fest» միջոցառում, որի ընթացքում Instigate ընկերության մասնագետները կօգնեն ցանկացողներին տեղադրել անվճար համակարգչային ծրագրեր՝ GNU/Linux օպերացիոն համակարգ, գրասենյակային փաթեթ, մուլտիմեդիա ծրագրեր, հայերեն տառատեսակներ և այլն:
Նախաձեռնողներն են «Ժառանգ» մշակութային հկ-ն, «Ինստիգեյթ Ուսումնական Կենտրոն» հկ-ն ու անհատ կամավորներ: Բոլոր մանրամասներին ծանոթանալու, գրանցվելու ու համակարգիչը նախապատրաստելու համար այցելեք այստեղ: Կազմակերպիչների խոսքով՝ անվճար ծրագրերն ի վիճակի են բավարարել համակարգչային շարքային օգտատերերի 99%-ի առօրյա աշխատանքային պահանջերը։ «Շատերը չեն էլ պատկերացնում, որ հնարավոր է ունենալ լիարժեք աշխատող համակարգիչ առանց Microsoft, Adobe կամ Apple ընկերությունների օպերացիոն համակարգերի ու ծրագրային փաթեթների։
Ավելին՝ ազատագրված համակարգիչը զգալիորեն ավելի քիչ խնդիրներ կունենա վիրուսների ու լրտեսական ծրագրերի («տրոյաններ») հետ, քանի որ դրանց ճնշող մեծամասնությունը ստեղծված է միայն MS Windows միջավայրում աշխատելու համար»,-նշվում է նրանց տարածած հաղորդագրության մեջ: Երևանում և Գյումրիում միջոցառումը կանցկացվի Instigate-ի գրասենյակներում, իսկ Վանաձորում՝ Կենտրոնական գրադարանում: «Ազատագրումը» կտևի առավոտյան 11-ից երեկոյան 6-ը։
Նախատեսվում էր միջոցառումն անցկացնել նաև Ստեփանակերտում, սակայն Instigate ընկերության ներկայացուցիչ Արմենուհի Պետրոսյանը PCNews.am-ի հետ զրույցում ասաց, որ միջոցառումն այդ քաղաքում որոշ ժամանակով կհետաձգվի, իսկ օրվա մասին կհայտարարավի լրացուցիչ։