Այսօր հոմոֆոբիայի դեմ պայքարի միջազգային օրն է։ Օրվա նպատակն է հասարակական ուշադրությունը սևեռել ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցող մարդկանց վրա։
Օրվա կապակցությամբ ֆլեշմոբ իրականացվեց Վանաձոր քաղաքում։ Ֆլեշմոբի նախաձեռնությունը գերմանացի Դավիթ Շուլցենինն է, ըստ որի` իրենք նպատակ ունեն ակցիայի միջոցով մտցնել հավասարը հավասարի սկզբունքը, ու հիշեցնել, որ բոլոր մարդիկ ստեղծված են հավասար ու ունեն հավասար իրավունքներ երկրի երեսին։
Ակցիայի ընթացքում մասնակիցները գունավոր փուչիկներ կախեցին Վանաձորի Հայքի հրապարակում, իսկ մի մասն էլ բաժանեցին մարդկանց։ Փուչիկների մեջ փոքրիկ գրություններ կային, որոնք ևս վերաբերվում էին օրվա խորհրդին։ Դավիթ Շուլցենն ասում է, որ քանի որ շարժման սիմվոլը հենց ծիածանի գույներն են, ապա իրենք ևս ընտրել են գունավոր փուչիկներ, դրանով ցույց տալով, որ աշխարհը ևս գունավոր է։
Ֆլեշմոբին էին միացել նաև Խաղաղության երկխոսություն ՀԿ-ի ակտիվիստները, ովքեր նախաձեռնողի հետ մեկտեղ տարածում էին փուչիկները։ ՀԿ-ի ներկայացուցիչ Արմինե Զաքարյանը մեզ հետ զրույցում նշեց, որ իրենք նպատակ ունեն մարդկանց մեջ սերմանել հարգանք մշակութային բազմազանության հանդեպ. "Ուզում ենք ասել, որ բոլորս հավասար ենք անկախ ազգային, սեռական, կրոնական պատկանելությունից ու կոչ ենք անում մեր հասարակությանը, որպեսզի քայլ առ քայլ հարգանք ձևավորենք ու սկսենք ավելի լայն մտածել”։
Արմինեն համակարծիք է այն մտքի հետ, որ մինչ օրս Հայաստանում դեռևս կան կարծրատիպեր. "Նման կարծրատիպային մոտեցումների պատճառով է, որ ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցող մարդիկ այսօր հոգեպես ճնշված են”։
Ֆլեշմոբին զարմացած հայացքներով հետևում էին հրապարակում զբոսնող վանաձորցիները, փորձեցինք լսել նաև նրանց կարծիքը, սակայն հարցվածներից շատերը նույնիսկ չգիտեին թե այսօր ինչ օր է, իսկ ովքեր էլ գիտեին, խուսափեցին խոսել այդ թեմայով։