Գլխավոր » 2011»Հուլիս»13 » Երեւանի կենտրոնում մերձքաղաքային տրանսպորտի կայանումը կարգելվի
21:43
Երեւանի կենտրոնում մերձքաղաքային տրանսպորտի կայանումը կարգելվի
Երեւանի քաղաքապետարանը՝ ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության եւ ճանապարհային ոստիկանության հետ համատեղ մշակել են մայրաքաղաքի կենտրոնը տրանսպորտային միջոցներից բեռնաթափելու անհրաժեշտ միջոցառումների ծրագիր:
Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ծրագրի բաղադրիչներից մեկը Երեւանի կենտրոնական հատվածներում մերձքաղաքային ուղեւորատար տրանսպորտային միջոցների կայանումն արգելելն է։
Ծրագրի այս մասով նախատեսվում է, որ Երեւան մուտք գործող մերձքաղաքային երթուղիները իրենց վերջնականգառը հիմնականում պետք է կատարեն Երեւան քաղաքի ավտոկայաններում կամ քաղաքապետարանի կողմից նախատեսված համապատասխան երթակարգավարական կետերում։
Ըստ այդմ` Երեւանի քաղաքապետարանն առաջարկում է, որ Արագածոտնի մարզի կողմից Երեւան եկող ուղեւորատար տրանսպորտային միջոցները, որոնք շարժվում էին Կիեւյան, Բաղրամյան, Պարոնյան, Պռոշյան փողոցներով, այսուհետ կայանեն ոչ թե Պարոնյան փողոցում, այլ Լենինգրադյան փողոցից Ծիծեռնակաբերդի եւ Աթենքի խճուղով մուտք կգործեն Կենտրոնական ավտոկայան։
Արարատի մարզից եկած ուղեւորատար տրանսպորտային միջոցների համար (այդ թվում նաեւ նրանց, որոնք նախկին Այրարատ կինոթատրոնի մոտ էին կայանում) որպես վերջնականգառ առաջարկվում է Երկաթուղային կայարանի հարակից հրապարակում հատկացված շուրջ 5.000 քառ. մետր երթակարգավարական տարածքը։
Նախկին Այրարատ կինոթատրոնի մոտ կայանող Գյումրի, Արթիկ, Ստեփանավան, Վանաձոր, Սպիտակ քաղաքներից եկող տրանսպորտային միջոցների համար որպես վերջնականգառ առաջարկվում է Կենտրոնական ավտոկայանը։
Առաջարկվում է, որ Արմավիրի մարզի կողմից մայրաքաղաք եկող եւ նախկինում Սարյան փողոցում կայանող ուղեւորատար տրանսպորտային միջոցները սպասարկման ծառայություններն իրականացնեն կենտրոնական ավտոկայանից։
Մայրաքաղաքին հարակից հյուսիսային շրջաններից Երեւան եկող ուղեւորատար տրանսպորտային միջոցների համար որպես վերջնականգառ առաջարկվել է հյուսիսային ավտոկայանը։
Երեւանի քաղաքապետարանը վստահեցնում է, որ նշված փոփոխությունները որեւէ կերպ չեն խոչնդոտի բնակչության պատշաճ սպասարկմանը։