Օգոստոս 27, 2011 | 14:20 Լոռու մարզի Լերմոնտովո գյուղի ճանապարհին այսօր` օգոստոսի 26-ի առավոտյան 10:50-ի սահմաններում շրջվել է 15 տոննայից ավել ժավելի սպիրտ տեղափոխող Iveko մակնիշի 40 A 42910 պետհամարանիշի բեռնատար ավտոմեքենան: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի քարտուղար Նիկոլայ Գրիգորյանը: Նա նշեց, որ ժամը 11:08-ին ահազանգ է ստացվել, որ Լերմոնտովո գյուղի ճանապարհին շրջվել է բենզին տեղափոխող մեքենա, սակայն փրկարարները ժամանել են եւ տեսել, որ մեքենան բեռնված է եղել ժավելի սպիրտով: Փրկարարներին հաջողվել է մեքենայից դուրս բերել վարորդին, ում այժմ տեղափոխում են Երեւան: Վարորդի վիճակը ծանր է: Նիկոլայ Գրիգորյանի խոսքով` բոլոր անհրաժեշտ միջոցները ձեռնարկված են, եւ մարդկանց առողջությանը սպառնացող վտանգ չկա: Ի դեպ, բեռնատարը ժավելի սպիրտը պատվերով պետք է տեղափոխեր Թավրիզից Վանաձոր:
|