Վանաձորի Շինարարների 8 շենքի բնակիչնեչը մեղմ ասած բողոքում են իրենց մատակարարվող ջրից: Նրանց խոսքերով` արդեն մեկ ամիս է, որ իրենք մաքուր ջուր չեն ստանում: Այն տարրան, որ նրանք ցույց տվեցին մեզ, ջրից բացի այլ իրեր ևս պարունակում էր: Բնակիչ Սամադ Մկրտչյան ասում է, որ ջրի մեջ կան տերևի, խոտի փոքր կտորներ, որդ և այլն: Նրա ասածները հաստատում են նաև մյուս բնակիչները:
Այս խնդրի մասին զրուցեցինք Լոռի-ջրմուղկոյուղի ՓԲԸ տնօրեն Էդուրդ Վահանյանի հետ: Վերջինս պատմեց, որ նման դեպք եղել է գարնանը հորդառատ անձրևների ժամանակահատվածում: Սակայն բացառեց, որ այժմ նման որակով ջուր կարող էր մատակարարվել: Իսկ մեր այն հարցին, թե բնակիչների շահը որն է խաբել մեզ, եթե նրանք ստանում են ֆիլտրացված ջուր, պարոն Վահանյանը պատասխանեց.
-Քանի որ հիմա լուրջ խստացում է գնում և բավականին լուրջ ուշադրություն է դարձվում ապօրինի ջրօգտագործման, ջրի չվճարման և այլն, բնականաբար ադեկվատ ռեակցիա է լինելու:
Այս նույն հասցեի, ինչպես նաև Վանաձորյան մի շարք այլ թաղամասերի բնակիչներ անհանգստանում են նաև ջրի նվազ քանակի համար: Շինարարների 8 շենքի բնակիչներն արդեն տասը տարուց ավելի է, որ ջուր են կրում: Այս մասին Էդուարդ Վահանյանն ասաց, որ արդեն մի քանի օր է, որ Վանաձորում նկատվում է ջրի սովորական քանակից ավելի օգտագործում, սակայն ջրաչափերը դա չեն ֆիքսում: Ավելի պարզ ասած կատարվում է ապօրինի ջրօգտագործում: Նա կոչ արեց դիմել այդ մարդկանց ջրի քանակի համար:
Փորձեցինք նաև ճշտել Առողջապահության նախարարության հակահամաճարակային տեսչության Լոռու մարզային կոնտրենի պետ Կարինե Միրզոյանից, թե արդյոք նրանք տեղյակ են այդ մասին: Պատասխանը բացասական էր: Տեղեկացանք նաև, որ ջրի ոչ բավարար քանակից ու ոչ լիարժեք որակից կարող են առաջանալ տարբեր հիվանդություններ, նամանավանդ տարվա այս եղանակին: