Գլխավոր » 2011 » Հոկտեմբեր » 19 » Խոշոր ավտովթար Վանաձորում. Իրար են բախվել Opel-ը, «Նիվան» եւ «ԳԱԶԵԼ»-ը. վերջինս վթարի վայրից դիմել է փախուստի
16:48
Խոշոր ավտովթար Վանաձորում. Իրար են բախվել Opel-ը, «Նիվան» եւ «ԳԱԶԵԼ»-ը. վերջինս վթարի վայրից դիմել է փախուստի
Վանաձորում, այսօր` հոկտեմբերի 18-ին, ժամը 21:30-ի սահմաններում, խոշոր ավտովթար է տեղի ունեցել:
Տիգրան Մեծ պողոտայում, Ավանգարդ սրճարանի դիմաց, իրար են բախվել Opel մակնիշի 26 ՕՍ 889 համարանիշի, «Նիվա» մակնիշի 62 ՏԼ 745 համարանիշի եւ «ԳԱԶԵԼ» մակնիշի ավտոմեքենաները:
«ԳԱԶԵԼ»-ը վթարի վայրից դիմել է փախուստի եւ ինչպես հետո պարզվեց, կայանել մոտակա փողոցում: Opel-ը խոշոր չափի վնաս չէր կրել, մինչդեռ «Նիվայի» հետնամասը բախվել է գովազդային վահանակի հենասյանը:
Բախման ժամանակ «Նիվան» հարվածել է սյան մոտ գտնվող մի քաղաքացու, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Վանաձորի թիվ մեկ հիվանդանոցային համալիր:
Դեպքի վայր են ժամանել Լոռիի մարզի ճանապարհային ոստիկանության աշխատակիցները` ճանապարհային ոստիկանության 5-րդ գումարտակի երկրորդ սպայական վաշտի հրամանատար Վարդան Նարգիզյանի ղեկավարությամբ: Ներկա էին նաեւ Վանաձորի ոստիկանապետ Սերգո Ավետիսյանը, Լոռիի մարզի քննչական բաժնի պետ Գագիկ Իսպիրյանը, ոստիկաններ, քննիչներ:
NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Լոռիի մարզի քննչական բաժնի ավագ քննիչ Վաղինակ Մարտիրոսյանը խոստացավ վաղն առավոտյան անհրաժեշտ տեղեկատվություն տրամադրել ավտովթարի մասին: Երկու մեքենաներն էլ տեղափոխվեցին տուգանային հրապարակ: