Ծնվել է 1950 թվականի
հունվարի 9-ին՝ Կիրովական քաղաքում: Սամվելի հայրը՝ Մհեր Խալաթյանը, Սպիտակի շրջանի
Ծաղկաբեր գյուղից է: 1967-ին ավարտել է տեղի Մ. Մաշտոցի անվան (թիվ 15) միջնակարգ
դպրոցը, 1978-ին պետական մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետը:
1970-1972-ին ծառայել է խորհրդային բանակում: Աշխատել սկսել է դպրոցական ավագ
տարիքից՝ շինարարությունում, արտադրությու-նում՝ բանվոր, պետթատրոնում՝ սիրող
դերասան, այնուհետ, 1969-ից «Կառուցող», շրջանային «Գուգարք», քաղաքային «Կայծ»
թերթերում՝ գրական աշխատող, 1976-1982-ին՝ Կիրովականի քաղաքային «Կայծ» թերթի
նամակների բաժնի վարիչ: 1982-ին աշխատանքի է անցել ՀԿԿ Կիրովականի քաղկոմում՝
որպես մամուլի և մշակույթի գծով հրահանգիչ: 1988-ին ակտիվ մասնակցություն է
ունեցել Արցախյան շարժմանը, մասնակցել տեղի «Ղարաբաղ» կոմիտեի ստեղծմանն ու
գործունեությանը, որի համար հեռացվել է ԽՄԿԿ շարքերից: 1991-ին ընտրվել է
քաղաքային խորհրդի պատգամավոր, քաղխորհրդի կողմից ընտրվել քաղաքային «Վերածնունդ»
թերթի գլխավոր խմբագիր, միաժամանակ հիմնադրել և խմբագրել է երգիծական «Եղինջ»,
«Խաթաբալա» և հասարակական-քաղաքական «Արփի» թերթերը: 1996-ին նշանակվել է
նորաբաց «Լոռու մարզ» մարզային թերթի գլխավոր խմբագիր: 1999-ին նշանակվել է
Հովհ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի տնօրեն: 2003-ին տեղափոխվել
է Երևան, աշխատանքի անցել Ազգային պատկերասրահում՝ փոխտնօրեն, այնուհետև՝ գիտական
քարտուղար: 2006-ից Հայաստանի հանրապետական կուսակցության անդամ է: 2007-ին
Ս. Խալաթյանն աշխատանքի է անցել Լոռու մարզպետարանում որպես մարզպետի օգնական, ապա
նույն թվականից մինչև 2009թ. դեկտեմբեր ամիսն աշխատել է ՀՀԿ Վանաձորի տարածքային
կազմակերպությունում՝ որպես մարզային կազմակերպիչ: 2010-ի ընթացքում զբաղվել է
միայն ստեղծագործական աշխատանքով: Բազմաժանր գրող է: Հայաստանում և արտերկրում
հրատարակվել են նրա հեղինակած բանաստեղծությունների, վիպակների, մենագրությունների,
պիեսների ու երգիծանքների 30 գիրք (12-ը ալմանախային), շուրջ 20 պիես ունեցել է
ավելի քան 10 բեմադրություն Հայաստանում և արտերկրում, ստեղծագործությունները
թարգմանվել, տպագրվել են բազմաթիվ լեզուներով: ԽՍՀՄ թատերական փառատոնի
դափնեկիր է (1985թ.), ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ (2010թ.), հանրապետական,
միութենական, միջազգային գրական և թատերական բազմաթիվ մրցույթների ու փառատոնների
մրցանակակիր: Հայաստանի գրողների, թատերական գործիչների, ժուռնալիստների,
նկարիչների միությունների և ժուռնալիստների միջազգային ֆեդերացիայի (IFG) անդամ է:
Ամուսնացած է, ունի մեկ որդի, երկու դուստր, 5 թոռ: Օրերս Լոռու մարզպետ
Արամ Քոչարյանի հրամանով լրագրող, դրամատուրգ և երգիծաբան Սամվել Խալաթյանը
նշանակվել է Լոռու մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի
բաժնի պետ:
«Լուսարձակը» շնորհավորում և աշխատանքային բեղուն գործունեություն է
մաղթում Սամվել Խալաթյանին: Ցրտահերկ եմ արդեն անում, Աչքս առած
ձյունոտ սարին: Անցած օրս չեմ իմանում, Էլ չեմ
հաշվում օր ու տարին: Ո՞վ կցանի արտն իմ վարած, Ո՞վ կհնձի բերքը
սրտիս, Հին օրերիս հուշերն առած Հրաժեշտ եմ տալիս արտիս....
Հոդվածը՝ «Լուսարձակ» շաբաթաթերթի
P.S. «Տեղեկատու Վանաձոր»-ը եւս միանում է Շնորհավորանքներին եւ մաղթում աշխատանքային նորանոր հաջողություններ
|